Ադրբեջանում առաջարկում են «Եվրատեսիլ-2012»-ն անցկացնել Նախիջևանում: Ըստ միգրացիոն հարցերով փորձագետ Ահմեդ Շիրինովի` Ադրբեջանը պատրաստ չէ միջազգային այդ միջոցառումն անվտանգ անցկացնելու մայրաքաղաքում, քանի որ Ադրբեջանի վիզային քաղաքականությանն առնչվող խնդիրներ կան:
«Նախիջևանի միակ սահմանակետում վիզային ենթակառուցվածք ստեղծելը շատ հեշտ է, և Նախիջևան ժամանողների մուտքը Բաքու հնարավոր կլինի սահմանափակել»,- ասել է փորձագետը, ընդգծելով, որ դա կբարձրացնի այդ Ինքնավար Հանրապետության նշանակությունն աշխարհում (իհարկե, տարածքի տեղաբնակների, նրանց գերեզմանների, մասնավորապես, պղծման մասին խոսք չի լինի- Ա. Ս. ):
«ՈՒզում են դրանով իսկ աշխարհին ցույց տալ, որ Նախիջևանն իրենցն է: Չէ՞ որ շատերը դա չգիտեն և, երբ նայում են քարտեզին, մտածում են` Հայաստանինն է»,- ասում է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, պատմաբան Արա Պապյանը:
Եվ նորից ծառանում է հայաստանյան ներկայացուցչի` «Եվրատեսիլ-2012»-ին մասնակցել-չմասնակցելու հարցը: Եթե մինչ այս պահը կարող էր փախուստ դիտվել մեր չգնալը, ապա այս դեպքում խնդիրն այլ հարթություն է տեղափոխվելու:
«Բաքվի դեպքում` չգիտեմ, բայց եթե Նախիջևանը լինի` ես չէի գնա,- ասում է Արա Պապյանը:- ՈՒ խոսքն անվտանգության մասին չէ: Նախիջևանը Հայաստանի Հանրապետության տարածքն է` օկուպացված Ադրբեջանի կողմից: Մի՞թե Կիպրոսը որևէ բանի կմասնակցեր Հյուսիսային Կիպրոսում: Վախկոտությունը չի որոշվում «Եվրատեսիլով»: Բոլոր գործոնները հաշվարկել է պետք»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ